Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Դիանա Գրիգորյանը կմնա ազատության մեջ. նրան կալանավորելու դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատախազությունը բողոքարկել էր նաև մեղադրյալ Անուշ Գարսանցյանին չկալանավորելու դատարանի որոշումը. սրա վերաբերյալ դեռ որոշում չկա:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ երկու մեղադրյալներն էլ ազատ էին արձակվել գրավի դիմաց:

Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը), իսկ Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս 3 անձ, այդ թվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: