Վերմիշյանին ուղեկցել են վերելակ։ Երբ փորձել են նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը չի ներկայացել, հրմշտել և դուրս է հանել դռնից այն կողմ։

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։

«Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։ Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան»,– գրում է կայքը։

hraparak.am–ն այսօր գրել էր, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը Sputnik Արմենիային հայտնեց միայն, որ այս պահին խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանումներ տարածքում։ Հարցին, թե Վերմիշյանին տարե՞լ են իր առանձնասենյակից, թե ոչ, Համբարձումյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։