«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետևեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, և վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով: Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված: Ամեն դեպքում, իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորները օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից: Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին:

Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն՝ որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները դատավորներին պարզ հասկացրին՝ միևնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից: Այնպես որ, ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել և գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ էլ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ, ահա, մյուս տարբերակով էլ հանրաքվեն իսկապես տեղի կունենա: Այդ դեպքում, հստակ ժամկետներ են մատնանշված, և, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» և «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տևելու է 60 օր: Այնուհետև, ըստ նախնական հաշվարկների, իշխանությանը անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար «այո» քվե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: