«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ պարզ դարձավ, որ 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված եւ հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները համարվել են առերեւույթ խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից, եւ Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքներն ու դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Այս որոշումը հետաքրքիր է հատկապես երեկ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներով, որով, ըստ էության, փորձ է արվում փոխել ՍԴ ներկայիս կազմը, իսկ նախագահն իր այս քայլով ցույց է տալիս, որ սահմանադրական ճգնաժամ չկա, եւ ՍԴ-ն ունակ է կատարել օրենքով սահմանված իր դերակատարությունը:

Ինչեւէ, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

Մասնավորապես, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում էր վերացնել մի քանի հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սահմանափակումը: Մյուս նախագիծը եւս նույնաբովանդակ էր եւ վերաբերում էր փոփոխության հետ կապված տեխնիկական հարցերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում