Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ աջ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3-րդ թաղամասի բնակիչ, 82-ամյա Նինա Ա.-ն, որը, ըստ նրա տղայի ՝ Վարուժան Ն.-ի հայտնած տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպերլիազոր Վ. Պարանյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Նինա Ա.-ն նույն օրը իրենց շենքի բակում, ժամը 18:30-ի սահմաններում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 60-ամյա Գագիկ Շահնազարյանի վարած Nissan Murano մակնիշի 34 ՏQ 634 համարանիշի ավտոմեքենայի կողմից ու ոստիկանության Թումանյանի բաժին հրավիրված Գ. Շահնազարյանը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Ժամը 21:15-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հերթական ահազանգն է ստացվել, որ Նինա Ա.-ն հիվանդանոցում ժամը 20:55-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շահնազարյանը ստորագրությամբ բաց է թողնվել, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գ. Շահնազարյանը աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում՝ որպես արտաքին կապերի բաժնի պետ: