Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը. ճանապարհին գիտակցության չգալով. մահացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:

Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ, հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը` ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը: