ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 9-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահից ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ավիատոմս գնել և մինչև ապրիլի 5-ը վերադառնալ Հայաստան՝ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին մասնակցելու։

«Հիմա ես գտնվում եմ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում, որտեղ մասնակցում ենք Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգին, բայց քանի որ հանրաքվեի օրը հայտնի դարձավ, ես ուզում եմ մի կարևոր հայտարարություն անել արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար։ Բոլոր նրանք, որոնք շատ ուզում էին 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը մասնակցել Հանրապետության հրապարակում, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ չեն կարողացել, կրկին այդ հնարավորությունը ստեղծվել է և ես կոչ եմ անում այսօրվանից ձեզ մինչև ապրիլի 5-ը ավիատոմսեր առնել Հայաստան գալու և հանրաքվեին մասնակցելու համար»,-նշեց նա։