Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչ կունենա 5 քաշային կարգերում. 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Ռուբեն Ղարիբյան եւ 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան:

Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովի հետ: Կարեն Ասլանյանը (67 կգ) նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից: Մրցակիցը Օսկար Սիմոն Էրլանդսոնն է: Մալխաս Ամոյանը (72 կգ) որակավորման փուլում կհանդիպի Խորվաթիայի ներկակացուցիչ Դոմինիկ Էտլինգերի հետ: Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինը: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) մրցակիցը մեկնարկային 1\8 եզրափակիչում կլինի թուրք Ջենք Իլդեմը:

Հիշեցնենք, որ Նուրսուլթանում 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հենց Ջենք Իլդեմի հետ գոտեմարտում Ալեքսանյանը կողոսկրի վնասվածք ստացավ, որի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին: Ալեքսանյանն ու Իլդեմն աշխարհի առաջնությունում հանդիպեցին նույն 1/8 եզրափակիչում: Գոտեմարտի սկզբնամասում օլիմպիական չեմպիոնը կոտրեց ձախ կողոսկրը, վնասվածքով պայքարեց մինչեւ վերջ եւ 4:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին:

Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչերից պայքարի մեջ է մնացել միայն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը փետրվարի 11-ին երեկոյան մրցահերթում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հայաստանի մյուս մասնակիցներ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են մեկնարկներում եւ լքել պայքարը: