«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի, որովհետև եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծողներ, կրակող-սպանողներ, և այդ նույն մարդիկ երբեք այդ մարդկանց հետ այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող է հաջորդել մեքենա վառելը, շքամուտքում ծեծելը». փետրվարի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, թե ինչ նկատի ուներ ՍԴ հանրաքվեի մասին իր ելույթում՝ նշելով «ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ»: «Որոշ ուժեր «գող՝ սիրտը դող» սկզբունքով շտապեցին հայտարարել, որ մեզ դաժան օրեր են սպասվում: Կպարզաբանե՞ք, թե ինչ էիք նկատի ունեցել: Արդյոք, օրինակ, պատրաստվո՞ւմ եք վառել նրանց մեքենաները, որովհետև նման հարցադրում անգամ էստեղ է եղել»,- հավելեց պատգամավորը:

«Մենք ասում ենք՝ եկեք գնանք, ժողովրդին հարցնենք և ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Եթե ուժ կա, որ ասում է՝ չէ ես ժողովրդին չպետք է հարցնեմ, պետք է հարցնեմ ՍԴ-ին, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն»,- նշեց Ն. Փաշինյանը և կրկին ընդգծեց «ժողովրդի կամքին դե ֆակտո և դե յուրե խոչընդոտողները» ձևակերպումը, պարզաբանեց, որ դե ֆակտոն ընտրակաշառքն է, սպառնալիքն աշխատանքից ազատելու: