«Մենք ասել ենք՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, ոչ թե մի դատավորի հարց, այլ եթե դու ամբողջ ազգին հանում ես ոտի, այսքան ծախսեր ես կատարում, ուրեմն լուրջ խնդիրներ կան», լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով հանրաքվեի հարցում դիրքորոշման մասին:

Խնդրի էական քաղաքական նրբերանգի մասին խոսում է Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող թերեւս ամենաապաքաղաքական մարդը: Ծառուկյանը փաստորեն հայտարարում է, որ հանրաքվեին կողմ է, որովհետեւ կարծում է, որ Փաշինյանը մեկ դատավորի համար չէ, որ կգնար այդ քայլին՝ ուրեմն կա ավելի լայն խնդիր:

Կա՞ իսկապես, թե ոչ, ինքը Նիկոլ Փաշինյանը համենայն դեպս չի հայտարարել այդ մասին: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այս ընթացքում որեւէ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ուղիղ, թե միջնորդավորված: Նա հայտարարել է, որ հանդիպելու դեպքում չէր թաքցնի, կասեր, քանի որ «տակից-վրայից խաղեր տալու» կարիք չունի եւ վաղուց անցել է այդ ճանապարհները:

Դա էլ իհարկե հատկանշական հայտարարություն է, նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդի համար հանգուցային՝ 2015 թվականի փետրվարը, երբ Սերժ Սարգսյանը գրեթե բաց տեքստով հայտարարեց նրա հենց «տակից-վրայից խաղերի մեջ» ներքաշված լինելու մասին եւ դուրս դրեց քաղաքականությունից: ԲՀԿ առաջնորդն ըստ ամենայնի քաղել է կարեւոր քաղաքական դասը՝ չդառնալ այլ քաղաքական սուբյեկտների խնդիրների գործիք: Հնարավոր է, որ այդպիսով նա ակնարկ է հղում նաեւ ներկայում իրեն ինչ-ինչ առաջարկներներ անողներին:

Վերադառնալով հանրաքվեի հարցում դիրքորոշմանը, քաղաքականությունն անհրաժեշտություն է դարձնում տեղի ունեցողը դիտարկել բազմաթիվ կողմերից, եւ այդ առումով նաեւ սահմանադրական հանրաքվեի նախաձեռնությունն ու գաղափարը:

Այդ իմաստով, մի շարք անգամներ անդրադարձել եմ, որ ՍԴ շուրջ գործընթացը ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին բազմաթիվ շերտեր, փաստացի հենց սկզբից՝ 2019 թվականի մայիսից, երբ Ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ու այդպիսով փաստորեն կատալիզացրեց ներքին ու արտաքին բավականին դինամիկ զարգացումներ: Գործընթացը մեծ հաշվով ինքնին գործիք էր հետհեղափոխական մի շարք հարցեր լուծելու համար, եւ հանրաքվեն դրա փաստացի գագաթնակետն է:

Հեղափոխությունից հետո շարունակելով գտնվել նոր ու հին իշխանության արանքում եւ փնտրել քաղաքական իմաստ եւ դեր նոր իրավիճակում, դեռեւս չգտնելով այն, ԲՀԿ առաջնորդը թե 2015-ի փետրվարի, թե նաեւ 2018-ի հոկտեմբերի 2-ի դասով գտել է թերեւս նվազագույն կարեւոր բանաձեւը՝ որ անհրաժեշտ պահին պետք չէ խանգարել քաղաքական զարգացման տրամաբանությանը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am