Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախօրեին անդրադառնալով իր կենսագրության վաղեմի դրվագի մասին մամուլի հրապարակած տեղեկությանը, արել է բավականին սուր հայտարարություն: Տեղեկություն էր հրապարակվել, որ Պապիկյանը թաքցրել է իր դատվածությունը: Նախարարը պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության տարիներին՝ մոտ 13 տարի առաջ, և տեղի է ունեցել սահմանապահ զորամասում, այսինքն՝ ոչ հայկական զինուժում: Սակայն դեպքի մանրամասները և նախարարի պարզաբանումը, ըստ ամենայնի, արդեն քաջածանոթ են ընթերցողին, և այդ իմաստով չկա հավելյալ վերաշարադրման կարիք:


Հետաքրքիրն այն է, որ նախարար Պապիկյանը փաստորեն կասկած է հայտնել, որ այդ տեղեկությունը մամուլին է հասել ուժային կառույցների բարձրաստիճան որևէ պաշտոնյայի միջոցով և թողտվությամբ, քանի որ, ըստ նրա՝ այդօրինակ տեղեկատվությունը պահվում է փակ և հասանելի է միայն այդ կերպ: Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ դիմում է ոստիկանության ու ԱԱԾ պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին, որպեսզի նրանք պարզեն, թե ինչպես է տեղեկությունը հայտնվել մամուլում: Պապիկյանն ակնարկել է՝ օգտագործելով «պատիվ ունեմ» արտահայտությունը, որը, ինչպես հայտնի է, քաղաքական շրջանառության մեջ հայտնվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությամբ: Արդյոք Սուրեն Պապիկյանը դրանով ակնարկում էր ԱԱԾ նախկին պետի՞ն, թե՞ ոչ:

Բանն այն է, որ այստեղ կարող է լինել մեկ այլ հետաքրքրական հանգամանք, արդեն ավելի լայն իմաստով: Խոսքն այն մասին է, որ փաստորեն կարող է այդ կերպ շրջանառության մեջ հայտնվել փակ տեղեկատվության մի մեծ ծավալ, որ կարող է տնօրինել Արթուր Վանեցյանը՝ ի նախկին պաշտոնե: Այն կարող է լինել ամենատարբեր բնույթի և վերաբերել քաղաքական ամենատարբեր գործիչների, մրցակիցների, հակառակորդների, անգամ յուրայինների: Իսկ դա չափազանց նուրբ հանգամանք է, որն անշուշտ ունի շատ հստակ ու առարկայական պարզաբանման անհրաժեշտություն: Որովհետև Արթուր Վանեցյանը կամ որևէ մեկն ունի իրավունք ներգրավվել քաղաքականությանը և զբաղվել դրանով, սակայն թե՛ Վանեցյանը, թե՛ որևէ մեկը չունի իրավունք այդօրինակ կոմպրոմատային վարքագծով ականապատել հայաստանյան քաղաքականությունը, առավել ևս, այսպես ասած, անհավասար պայմաններում:

Կրկնենք՝ որևէ կապ չունի, թե ով է արել, ո՞ւմ միջոցով է փակ տեղեկատվությունը հասանելի դարձել մամուլին: Խնդիրն այն է, որ այդ գործընթացը հանրայնորեն վերահսկելի չէ, ըստ այդմ՝ խիստ վտանգավոր է առաջին հերթին հանրային շահի տեսանկյունից: Ըստ այդմ, իսկապես առարկայական է դառնում պարզելը, թե ինչպես է տեղի ունեցել տեղեկատվության փոխանցումը իրավապահների փակ սեգմենտից դեպի մամուլ: Սա, մեծ հաշվով, ազգային անվտանգության հարց է, որպես անկառավարելի և անվերահսկելի երևույթ, եթե գործ ունենք հենց այդպիսի իրողության հետ: