Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում Փաշինյան-Ալիեւ դեբատը Լեռնային Ղարաբաղի խնդրով: Սկսելով այն, Իլհամ Ալիեւը փորձեց պատմական էքսկուրս անել, ապացուցելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է եղել միշտ: Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում պատմական շատ կարճ էքսկուրս արեց, բերելով Տիգրան Մեծի օրինակը: Նա ասաց, որ երբ Տիգրան մեծը բանակցում էր Հռոմի հետ, Հարավային Կովկասում Ադրբեջան անունով պետություն չկար: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է ավելի հետ գնալ պատմության խորքերը, որը սակայն իմաստ չունի: Այնուհետեւ նա անդրադարձավ այն խնդրին, որ Լեռնային Ղարաբաղը անօրինական Կավբյուրոյի կամայական որոշումով է հանձնվել Ադրբեջանին, սակայն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: