Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ կասկածելի բոլոր դեպքերում հսկողություն է իրականացվում նաև Հայաստանի տարածքում։

 Հայաստանը հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում` մեր հարևան Իրանում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Faecbook–ի իր էջում գրել է, որ որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

«Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով»,– գրել է նախարարը: