Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով, թե ինչ աշխատանքներ կտարվեն:

▶ «Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնելու են «զրոյից», քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը:

▶ Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:

▶ Շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները:

▶ «Անվերջության ժապավեն»-ի վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանք»-ի համար՝ մոտ 62 մլն 500 հազար: