Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ժամ առ ժամ աճում է: Մեր տարածաշրջանը ևս բացառություն չէ, և մեր հարևան բոլոր երկրներում արդեն իսկ գրանցվել են ինչպես վարակման, այնպես էլ մահացության դեպքեր: Անհանգստացնո՞ւմ է արդյոք այս փաստը երևանցիներին, և ինչպե՞ս են նրանք փորձում պաշտպանվել երկրագնդին պատուհասած այդ վիրուսից:

Այս խառնաշփոթ իրավիճակից օգտվել են որոշ անհատներ, ովքեր բժշկական դիմակները վաճառում են տասնապատիկ ավելի թանկ գնով։ Անգամ այս ուղղությամբ պետական վերահսկողություն չկա, և ժողովուրդն այս իրավիճակում անպաշտպան է:

Blognews-ը զրուցել է մեր համաքաղաքացիներ հետ՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք պաշտպանվում․

«Ռադիոյով լսեցի, որ Իրանում արդեն դեպքեր գրանցվել են, և իրանահայությունը վերադառնում է: Գիտեմ, որ Հայաստանում դեռ հաստատված դեպք չկա։ Արդեն Վրաստանում է մի դեպք արձանագրվել: Եթե հանկարծ ստացվեց այնպես, որ այստեղ էլ դեպք գրանցվեց, հանրությունից չեն թաքցնի: Ես պարզապես փորձում եմ ամեն տեսակի հիգիենիկ միջոցները կիրառել, եթե հանկարծ իմ շուրջը վիրուսով մարդ է լինում, արագ դիմակը դնում եմ: Հիգիենայի հիմնական կանոնները պահպանելով կարելի է խուսափել վիրուսից»,- նշեց Լիանան:

«Ես դիմակը կրում եմ ապահովության համար, որպեսզի հանկարծ չհիվանդանամ: Ունեմ հատուկ հեղուկ, երբ կեղտոտ բանի եմ դիպչում, անմիջապես քսում եմ, հաճախ լվացվում եմ»,- նշում է Պադրեն։

Ռաֆայելն էլ զուտ պաշտպանվելու համար է դիմակ կրում, քանի որ վախենում է վարակվելուց:

 

Մեր հաջորդ զրուցակիցը չցանկացավ լուսանկարվել, բայց հայտնեց իր մտավախությունը. «Կոնկրետ այս վիրուսի դեպքում սովորական դիմակներն անօգուտ են, դրա համար գոյություն ունեն N95 ռետինե հատուկ դիմակներ, որոնք նախատեսված են նմանատիպ վիրուսների դեմ պայքարելու համար: Ցանկալի կլիներ, որ կառավարությունը, բացի սահմանին ջերմություն չափելուց, ավելի լուրջ քայլեր ձեռնարկեր այս վիրուսից պաշտպանվելու համար, օրինակ՝ հետաձգվեին բազմամարդ միջոցառումները, փակվեին ժամանցի կենտրոնները, բոլոր այն վայրերը, որտեղ մարդկանց կուտակումները մեծ են»: