ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում:

2019թ. փետրվարին Ա. Մ-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Ա. Մ-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ-ի միջև:

Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

|||