Մոսկվայի բնակիչը զայրացած հարձակվել է իր կանչով ժամանած շտապօգնության բժիշկների վրա, քանի որ նրանք պաշտպանիչ հագուստով են եղել։ «Մենք, ի՞նչ, վարակի՞չ ենք»,- վրդովված վանկարկել է նա։ Տղամարդու հարվածների տակ են հայտնվել բժշկուհին ու 23-ամյա ֆելդշերը։

Շտապօգնության ծառայությունը հենց այդ տղամարդու կանչով էր ժամանել՝ նրա երեխային ստուգելու համար։ Բժիշկների տեղեկություններով՝ երեխայի մոտ թոքաբորբի ախտանշաններ են եղել։ Այդպիսի դեպքերում, ըստ նոր հրահանգի, նրանք պետք է կանչի վայր հասնեն հատուկ արտահագուստով՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար։

Այս արտահագուստը զայրացրել է տղամարդուն։ Նրա հարվածների հետևանքով երիտասարդ ֆելդշերը ճակատային ոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մոտ հիշողության կորստի ախտանշաններ կան։

Իրավապահներն առայժմ չեն արձագանքել այս դեպքին։ Իսկ երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել։