«Վստեչի ապերի»` Արամ Վարդանյանի փաստաբանը երեք տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում կոտրել դուռը։

Արամ Վարդանյանի (մականունը` «Վստրեչի ապեր») փաստաբան Լուսինե Սահակյանը Facebook–ի իր էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները մտնում Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ։

«Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը»,- գրել է նա:

Հիշեցնենք` փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ փետրվարի 4–ի լույս 5–ի գիշերը, ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող, Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնել էին, որ գիշերը «Վստրեչի ապերի» տանը գործողություններ են իրականացվել կոնկրետ քրեական գործի շրջանակներում։ Օրը բացվելուց հետո արդեն քննչական գործողություններ կատարվեցին։

Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Նա նշել էր, որ ոստիկանները բաժին են տարել իր պաշտպանյալի տանը եղած բոլոր տղամարդկանց։

Ըստ փաստաբանների` «Վստրեչի ապերի» տնից ոստիկաններն առգրավել են անձնական իրեր, տեսաերիզներ։