Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար»,- նշել է Դերձյանը։

Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: