ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը: Այսօր տեղեկացանք, որ վարչապետն իր մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։

Պարզվեց նաև, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի կամրջից: Ինքնասպանությունը կանխել էին տարածքում հերթապահող ոստիկանները:

«Հաղթանակ» կամրջի մոտ երիտասարդը հայտնվել է արդեն իսկ կյանքի համար վտանգ հանդիսացող խնդրով՝ ածելի է կուլ տված եղել, սակայն միաժամանակ ցանկացել է կամրջից նետվել: Երիտասարդի ինքնազգացողությունն արդեն վատ է եղել, երբ կամրջի վրա նրան նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձն ու ծառայողական մեքենայով տեղափոխել բուժհաստատություն:

«Ըստ հիվանդի խոսքերի՝ ածելի էր կուլ տվել: Հետազոտությամբ ախտորոշվել է, որ ստամոքսի մեջ կա օտար մարմին: Բարեբախտաբար, առանց վիրաբույժների միջամտության հնարավոր եղավ ածելին հանել գաստրոսկոպիայի եղանակով»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Բժշկակական միջամտությամբ օտար մարմինը հեռացնելուց հետո երիտասարդն այդ գիշեր մնացել է հիվանդանոցում, սակայն հաջորդ օրը՝ մարտի 8-ին, դիմում է գրել ու հեռացել:

Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդն արդեն մի քանի ամիս ապրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոնում: Նրան այստեղ բնակարան են հատկացրել բացառության կարգով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։