«Երբ հատուկ թռիչքներ ես կազմակերպում, ընթացակարգը լրիվ ուրիշ է, որ ավելի պաշտպանված լինեն ուղևորները ճանապարհին: Համագործակցություն ունենք առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ, որպեսզի ինչ հատուկ միջոցներ պետք է՝ տրամադրենք, որ իրար չվարակեն». մարտի 13-ին Factor TV-ի եթերում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից առաջ ասաց Քաղաքավիացիայի կոմիետի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա չբացառեց, որ ևս 1 չվերթ առաջիկայում կկազմակերպվի: Այն հարցին, թե ինչո՞ւ չդադարեցվեցին թռիչքները՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար, Տ. Ռևազյանը նշեց, որ դա ավելի խոցելի կդարձներ ՀՀ-ին:

«Ասեմ՝ ինչու: Երբ ուղիղ չվերթ ունես, շատ ավելի կառավարելի ես, գիտես՝ այս օդանավը գալիս է այդ վայրից, դու դրա համար կարող ես առանձնահատուկ միջոցներ ձեռնարկել, ինչքան հնարավոր է՝ նրանց մեկուսացնել: Եթե նրանք տրանզիտով են գալիս, շատ ավելի դժվար է կազմակերպել: Մանավանդ որ, մենք չենք կարող ենթադրել, որ բոլոր ուղևորներն անկեղծ են: Տրանզիտով եկող ուղևորը ավելի մեծ հնարավորություն ունի ճիշտը չասել, նրան ավելի դժվար է ստուգել»,- պարզաբանեց նա:

Տ. Ռևազյանն ասաց, որ ներկա դրությամբ դադարեցվել են միայն Ռայն-Էյրի թռիչքները, սակայն ռիսկ կա, որ ավելի շատ թռիչքներ կդադարեցվեն: