Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան, հայտնում է ALIQ-ը:

Նշվում է, որ կփակվեն նաև Բակուրիանի և Գուդաուրի հանգստավայրերը: Գուդաուրիի հանգստավայրը փակելու պատճառը ռեստորաններից մեկի հաճախորդներն են՝ Չեխիայի քաղաքացիները, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: Վերջինս ևս մեկ անգամ կոչ արեց զերծ մնալ մարդաշատ հավաքներին մասնակցելուց, ռեստորաններին հորդորեց ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը:

Ինչ վերաբերում է 60 տարեկանից բարձր քաղաքացիներին, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Չիքովանին կոչ արեց նրանց առավելագույն կերպով ինքնամեկուսացվել: Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, մեկն արդեն ապաքինվել է:

Կարանտինային գոտում է 637, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ: