«Հայկական ժամանակ»-ը գրում է․

Ծանոթ մրգավաճառի խանութում տարօրինակ լարվածություն նկատեցինք. վաճառողն ու կրպակի տերն ինչ-որ բան էին քննարկում, ինքնախարազանման մթնոլորտ էր: Լրագրողական հետաքրքրասիրությամբ՝ սկսեցինք հարցուփորձ անել. պարզվեց՝ քիչ առաջ իրենց խանութից մոտ 35 հազար դրամի գողություն է կատարվել՝ ինքնատիպ ներկայացում բեմադրելու միջոցով:

Վաճառողուհին պատմեց, որ խանութ է մտել մի կին եւ սկսել արագ-արագ տոպրակները լցնել ամենալավ մրգերով՝ անընդմեջ խոսելով հեռախոսով: Նրա զրույցից տպավորություն է եղել, որ ինչ-որ տեղ իրեն են սպասում ու շտապեցնում են, ինքն էլ կրկնում էր՝ գալիս եմ, հիմա կհասնեմ, հասկացա, շտապում եմ, եւ նման բաներ:

«Փորձեցի արագ կշռել, հարմար փաթեթավորել, ամեն ինչ արագ-արագ անել: Երբ դրամանապանակը բացեց, որ վճարի, ասեց՝ վա՜յ, մոտս դրամ չկա, միայն ռուբլի ա, կլինի՞ էս անգամ ռուբլով վճարեմ: Շատ եմ խնդրում, մտեք դրությանս մեջ, շատ եմ շտապում, ինձ են սպասում, քաշեցի էդ մարդկանց: Չհասկացա էլ՝ ոնց, ասես՝ հիպնոսի տակ, էդ ամենը արագ-արագ անելով, էդ խառը պահին, ասեցի՝ լավ, իմ խելքով՝ «ընդառաջեցի», ինքն էլ ուրախացավ՝ շնորհակալություն, բան, աչքերը փայլեցին, ես էլ նայում էի աչքերին. վառ կապույտ լինզաներ էր դրել ու իրեն շատ էին սազում»,- պատմեց վաճառողուհին:


Տոպրակները կշռելու, վերցնելու, հեռախոսով արդարանալու, «ռուբլու կուրսը հարմար հաշվելու», մանրի շուրջ պայմանավորվելու հետ մեկտեղ կինը 5000-անոց ռուբլին տվել է վերջին պահին, վերցրել ավելի քան 20 հազար դրամ մանրն ու ավելի քան 10 հազար դրամի առեւտուրը եւ շտապ նստելով այդ պահին մոտեցած տաքսին՝ հեռացել: «Ինքը գնաց թե չէ, նկատեցի, որ 5000-անոցը հասարակ թուղթ է: Բայց մինչեւ սեղանի հետեւից դուրս եկա, խանութից դուրս վազեցի, տաքսին չկար, համարներն էլ չտեսա»,- շարունակեց նա: «Համարները տեսնեիր էլ, օգուտ չունի, հաստատ ծանոթ մարդ էր, գիտեր՝ որ վայրկյանին մոտենա մուտքին»,- միջամտեց կրպակի տերը:

Խնդրեցինք ցույց տալ «թղթադրամ»-ը. ակնհայտ թուղթ էր՝ այդպիսիք տրցակներով վաճառվում են խաղալիքների ու կենցաղային մանրուքների խանութներում: «Գիտե՞ք ինչի եմ ավելի շատ վատ զգում. ախր ամուսինս Ռուսաստանից ամեն ամիս ռուսական է ուղարկում, գնում-վերցնում-փոխում եմ, ես անընդհատ էդ փողի հետ գործ եմ ունենում, ո՞նց չնկատեցի,- ասաց կինն ու անմիջապես էլ սկսեց արդարանալ,- ախր շքեղ հագնված, երիտասարդ, գեղեցիկ կին էր՝ 30-35 տարեկան, տպավորություն էր, որ ինչ-որ միջոցառման է գնում, դրա համար էլ էս ընտիր-ընտիր մրգերն է տանում. երեւի էդ պատճառով հեչ մտքովս չանցավ»:

«Ոստիկանություն դիմե՞լ եք. ուրիշներին էլ այսպես չխաբի»,- հարցրինք: Վաճառողուհին գլուխը կախեց, իսկ կրպակի տերն ասաց. «Ես խնդիր չունեմ, էս պահին էլ կարամ զանգեմ, բայց իրա վրա (վաճառողուհու) մի միլիոն դրամ տուգանք կգա, որ ռուբլիով առեւտուր ա արել, դրան էլ գումարած՝ ՀԴՄ չի խփել... չէր էլ կարա խփեր»:

«Հայկական ժամանակ»-ը Ոստիկանությունից հարցրեց, թե վերջերս նմանատիպ դեպքի մասին իրենց հայտնի դարձե՞լ է, եղե՞լ է տուժած քաղաքացի, որ չնայելով տուգանքի ենթարկվելու վախին, դիմել է իրենց: Ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաղորդեցին, որ ոչ միայն եղել են ահազանգեր, այլեւ՝ բացահայտվել են նման սխեմայով խարդախության դեպքեր. «Եղել են ե՛ւ Երեւան քաղաքի, ե՛ւ մարզերի կրպակներից նմանատիպ գողությունների բացահայտման դեպքեր: Աշխատում են հենց այդպես՝ վերջին պահին տալիս են ռուսական ռուբլի՝ եւ առավելապես հենց 5000-անոց կամ 2000-անոց, վերցնում մանրն ու արագ հեռանում»: Այսպես, վերջին ամիսներին Հայաստանում ռուսական «հուշանվեր-թղթադրամներով» գնում են ոչ միայն միրգ-բանջարեղեն, այլեւ՝ օծանելիք, կոնյակ, ծխախոտ եւ... ծաղիկ:

Մանրավաճառ մեր քաղաքացիներին հիշեցնենք, որ 2004թ. նոյեմբերի 24-ին ընդունված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ գլխի դրույթների համաձայն՝ մեր երկրում առեւտրային գործարքների համար թույլատրելի միակ դրամը ՀՀ դրամն է: Անշտապ կամ հապշտապ պետք է կիրառել միայն ՀՀ դրամը, ինչը, փաստորեն, նաեւ թույլ կտա խուսափել թե՛ գեղեցիկ ու գեղագետ խարդախների կողոպուտից, թե՛ խաբված լինելու տհաճությունից, թե՛ տույժ ու տուգանքներից:

Իսկ տուգանքները, նշենք որ, փոքր չեն (կրպակատիրոջ իմացածի կրկնակին են). «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի (1000 դրամի) երկուհազարապատիկի (2 մլն դրամի) չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու դեպքում նախատեսվում է առնվազն 4 միլիոն դրամ տուգանք: