Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:

ՀԺ-ի հարցին ի պատասխան այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչութան 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակից ենթարկվել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Թե ովքեր են նրանք՝ ոստիկանությունից չասացին:

Մեր տեղեկություններով, վերջին երկու աշխատակիցները անձնագրային վարչությունում բաժնի պետեր են: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել էին նաեւ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը եւ նրա տեղակալը. նրանց ազատման պատճառը դեռ հայտնի չէ։

Ղանաղունյանի նամակի հիման վրա ՀՀ վարչապետի հրահանգով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ծառայողական քննություն էր նշանակել ՔԿԱԳ-ում: Նախարարությունից տեղեկացանք, որ ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում էին, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:

Ղանաղունյանը, մասնավորապես պատմել էր, որ 5 ամիս շարունակ իրեն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից ուղղորդել են դեպի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ եւ հակառակը, ցույց չեն տվել խնդրի լուծման ճիշտ ուղղություն, իր հետ վատ են վերաբերվել, վերջում էլ՝ կոչ արել վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է: