Մարտի 17-ին Տեխասում 88 տարեկան հասակում կաթվածից մահացել է Լուսին թռած 24 մարդկանցից մեկը՝ Ալֆրեդ Մերիլ Էլ Ուորդենը։ Այս մասին հայտնել է NASA-ն։

Աստղագնացը եղել է «Ապոլոն 15» տիեզերանավի հրամանատարական մոդուլի ղեկավարը։ Նա չի իջել Լուսնի մակերևույթին, սակայն մեր բնական արբանյակի ուղեծրում անցկացրել է 145 ժամ և 15 րոպե։

Ուորդենը հայտնի է նրանով, որ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենամիայնակ մարդ»։ Բանն այն է, որ երբ նրա գործընկերները գտնվում էին Լուսնի մակրևույթին, Ուորդենը հասցրեց նրանցից գտնվել 3596,4 կիլոմետր հեռավորության վրա։ Դեռևս ոչ մի աստղագնացի չի հաջողվել մյուս աստղագնացից լինել այդչափ կամ դրանից ավել հեռավորության վրա։

«Էլը ամերիկայի հերոս էր, ում նվաճումները Տիեզերքում և Երկրի վրա երբեք չեն մոռացվի։ Աղոթքներս նրա ընտանիքին և ընկերներին», – ասել է NASA-ի տնօրեն Ջիմ Բրիդենստայնը։