Այսօր, հատկապես մայրաքաղաքում, մեքենաների կայանման հարցը լուրջ խնդիր է վարորդների համար: Որտե՞ղ կայանես, որ չխանգարես մյուսներին, որ չվնասեն, մեքենան գողության թիրախ չդառնա: Բոլորը չէ, որ ավտոտնակ ունեն: Մարդիկ մեքենան կայանում են բակում կամ փողոցում, ինչից էլ հաճախ հանցավոր տարրերն օգտվում են:

Այդ պատճառով, հատկապես գիշերային ժամերին, ոստիկանական կարգախմբերը շրջայց կատարելիս բակերում առավել ուշադիր ու զգոն են: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ մատի 19-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները մեքենաներից կատարվող գողության հերթական դեպքը բացահայտեցին:

Շրջայցի ժամանակ վարչական տարածքի բակերից մեկում քրեական հետախույզները նկատել էին մի տղամարդու, որը փորձում էր գողանալ «Օպել» մակնիշի մեքենայի անվադողերը: Բռնել էին նրան և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Բաժանմունքում իրավապահները ճշտեցին բերման ենթարկված տղամարդու ինքնությունը` Դավիթաշենի բնակիչ էր, 35 տարեկան:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը այդ գիշեր գողացել էր Դավիթաշենի 1-ին թաղամասում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու անվադողերը: Մեկ այլ շենքի մոտ հափշտակել էր «Նիսանի» հայելիները: Փիրումյանների փողոցում գողացել էր «ՎԱԶ-2106» մակնիշի երկու մեքենաների մարտկոցները:

Դավիթաշենի 1-ին թաղամասում փորձել էր «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաների անվադողերն էլ հափշտակել, բայց ոստիկանները բռնել էին:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է և հանձնվել տուժողներին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: