ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանին հեռացնում են համալսարանից՝ ֆիզկուլտուրա առարկայից բաց թողնված ստուգարքի պատճառով. «Մարտի 18-ին ստացել եմ համալսարանից հեռացման մասին հրամանը, որը ստորագրվել է ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի կողմից։ Հրամանում ասվում էր, որ հեռացված եմ ֆիզկուլտուրա առարկայից բաց թողնված ստուգարքի պատճառով: Երկու տարի շարունակ անվճար եմ սովորել, ունեցել կուրսի ամենաբարձր մոգերից մեկը, երրորդ տարում կորցրել եմ անվճարը»,-ասաց նա։


Ուսանողը նշեց, որ 2019-ի սեպտեմբերին իրեն ասել են, որ ֆիզկուլտուրայից բաց թողած 6 դասաժամ ունի, որոնց համար պետք է վճարի, իսկ հետո նաև լրացնի։ Գումարը վճարել է, սակայն չի լրացրել, քանի որ տեղյակ չի եղել լուծարքի մասին:

«Հաջորդ հիշեցումն ինձ արվել է այս տարվա մարտի 11-ին։ Հաջորդ օրը գնացել եմ ֆիզկուլտուրայի ամբիոն, բայց մարզիչը տեղում չի եղել։ Փորձել եմ նաև հաջորդ օրը՝ նույնպես չկար։ Ի դեպ, հեռացման հրամանում նաև նշված էր, որ ես չեմ համարվում ԵՊՀ ուսանող մարտի 12-ից սկսած, այսինքն՝ բառացիորեն ժամանակ էլ չէի ունենա լուծարք հանձնելու: Ի դեպ, հեռացման պատճառը ոչ թե բացակայությունն է, այլ՝ վերջին դասի ստուգարքը: Ինչպես պարզեցի ավելի ուշ՝ ստուգարքի լուծարք է եղել, որի մասին ինձ չեն զգուշացրել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե հասցրե՞լ է խոսել ֆակուլտետի դեկանի, ինչպես նաև ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի հետ՝ նա պատասխանեց. «Դեկանի հետ խոսեցի, ինձ ուղղորդեց դեպի պրոռեկտոր, վերջինս էլ ասաց, որ ռեկտորին տեսնելու իմ փորձերը հաջողության չեն հասնի: Պարոն Գևորգյանի անունով նաև դիմում-նամակ եմ գրել, չի պատասխանել: Երկուշաբթի օրը անձամբ կգնամ՝ փորձելով ներկայացնել իրավիճակը»:


Տեր-Ստեփանյանը նշեց, որ ավելի ուշ խոսել է ֆիզկուլտուրայի դասախոսի հետ. «Ներողություն խնդրեց, որ այսպես է ստացվել և որ գաղափար չի ունեցել, որ իր գործողությունների արդյունքում նման իրավիճակում կհայտնվեմ»: