Կորոնավիրուսով վարակված Լիանա Զիրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բարեկամներ,


Ստանում եմ օրական հարյուրավոր նամակներ ու զանգեր մարդկանցից, ովքեր ուզում են իմանալ ինչ ախտանշաններ ենք ունեցել, ինչ ցավեր կամ զգացողություններ ունենք:

Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրոք անհանգստանում են, և հոգեպես կանգնած են մեր կողքին: Սիրում եմ ձեզ:

Covid-19ը, ցավոք սրտի, անտարբեր չանցավ մեր կողքով: Ուզում եմ կիսվել իմ փորձով, չգիտեմ ինչքանով օգտակար կլինեմ, բայց հույս ունեմ գոնե ինչ-որ մեկի օգնած կլինեմ:

Ձեզանից շատ շատերը կարող է նույնիսկ ոտքի վրա են տարել այս վիրուսը, և չեն էլ գիտակցել, որ սա հենց կորոնավիրուսն է: Քանի որ չկա ոչ մի դեղորայք կամ պատվաստում, մենք պետք է ուժեղացնենք մեր իմունային համակարգը, ինչպես նաև նյարդային համակարգը (եթե դա հնարավոր է):

Վերադառնալով Փարիզից, ու գիտակցելով, որ ուղղակի կամ աննուղակի կերպով (փարիզյան մետրոներում ու փողոցներում, ինքնաթիռում, օդանավակայանում) շփվել ենք հազարավոր մարդկանց հետ՝ վախն արդեն իսկ մեր մեջ կար, որ մենք հնարավոր է վարակված լինենք: Օդանավակայանից, ես` անփորձ, բայց համարձակ վարորդս, որոշեցի իմ հարազատների կյանքը վտանգի տակ չդնելով, միանգամից վերադառնալ Գյումրի, ու ինքնամեկուսանալ 14 օր: Իմ փոխարեն այսպես կվարվեր յուրաքանչյուր գիտակից անձ:

Մի քանի ժամ քնելուց հետո արթնացա բարձր ջերմությամբ (բարձր ասելով` 37.5), ինչը այդ պահին մենք վերագրեցինք հոգնածությանը: Մայրիկս չուներ ջերմություն:

Մի քիչ թույլ էի, վիրուսը արդեն իսկ կռվի մեջ էր մտել օրգանիզմիս հետ:

Ստացել էի բազում զանգեր թեʹ հարազատներից, ովքեր ուզում էին իմանալ ոնց ենք հասել, թեʹ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, թեʹ ոստիկանությունից (դեռ չգիտեյի որ այսքան մտերմանալու եմ իրենց հետ:

Օր 2
Արթնացա, ու քանի որ ունեինք ցուցում ամեն օր ջերմաչափվելու, առաջին իսկ քայլս ջերմաչափումն էր: Ջերմություն չունեի, ուրախացա: Զանգեցի տվյալները հայտնեցի, ու առանց որևիցե գանգատի, սկսեցի աշխատանքային օրս` տնից: Ինքնամեկուսացել էին նույնիսկ Երևանի բոլոր կոլեգաներս (սիրում եմ ձեզ):

Երեկոյան բարձրացավ մայրիկիս ջերմությունը, ինչն արդեն իսկ մտահոգության առիթ հանդիսացավ:

Օր 3
Ունեինք ջերմություն ու արդեն՝ թեթև հազ: Հայտնելով այդ մասին համապատասխան մարմիններին, արդեն սպասում էինք բժիշկների այցին: Ստուգեցին, բարեբախտաբար, թոքաբորբ չունեինք: Սակայն, դա մեզ չհանգստացրեց: Մեր վախն ավելի ուժեղ էր: Խնդրեցինք թեստավորում անցնել, բայց հասարակ ջերմությունը դեռ բավարար պատճառ չեր: Շատերն են հիվանդ այս շրջանում, հո բոլորին չենք թեստավորի:

Օր 4
Ջերմությունը շարունակում էր տատանվել, իջնում էր 35.5 ու բարձրանում 37: Հազը խորանում էր, ախորժակն իսպառ բացակայում էր: Շարունակում էինք բացարձակ ինքնամեկուսացումը ու տվյալների հայտնումը: Ոստիկանությունը վերահսկում էր մեր տանը գտնվելը՝ օրական 2-3 անգամ զանգելով: Բնականաբար, այդ զանգերի ու վերահսկման բացակայության դեպքում ևս մենք հետևում էինք տանը նստելու ու ոչ մի պարագայում տնից դուրս չգալու սկզբունքին (արտասովոր ցուրտ օրեր էին, ու դա զգացվում էր նույնիսկ տունը օդափոխելուց):

Օր 5
Ջերմության տատանումը շարունակվում էր, հազը՝ ուժգնանում, վախն ու պանիկան՝ շատանում: Դիմեցինք բժիշկներին ու հրավիրվեցինք ռենտգեն անելու: 4 օր տնից դուրս չգալուց հետո ուրախությանս չափ չկար, վերջապես «բանտարկյալ» վիճակից գեթ մի պահ դուրս եմ գալու, նստեմ մեքենայիս ղեկին ու առաջին անգամ Գյումրիում երթևեկության մեջ դուրս գամ, չնայած որ հիվանդանոցը շատ մոտ է տանս: Ինչպես միշտ՝ զինված էինք դիմակով, ձեռնոցներով, ու ալկոգելով, ինչպես և Փարիզում, որտեղ մարդիկ դիմակով մարդ տեսնելիս վախից քարանում ու հնարավորինս հեռու էին մնում մեզնից:
Անցնելով ռենտգեն՝ բժիշկս հորդորեց վերադառնալ տուն, նշելով, որ սա սովորական մրսածություն է, շատ թեյ խմենք ու ամեն բան կկարգավորվի:

Տուն մտնելուն պես լվացվեցինք (ձևը գիտեինք), ու արդեն մի քիչ հանգիստ էինք, որ թոքաբորբ չենք, բժիշկս էր ասել:

Պանիկան հզոր բան է, չ՞է: Մենք, այնուամենայնիվ, ամեն գնով ուզում էինք հանձնել այդ թեստն ու համոզվել, որ մենք «թագադրված» չենք: Պնդելով, խնդրելով ու ստիպելով, վերջապես հասանք մեր ուզածին: Կես ժամ անց ստացանք զանգ, որ վերջապես մեզ կթեստավորեն:

Շտապ օգնության մեքենան եկավ, ու արդեն 2-րդ անգամ 5 օրվա մեջ տնից դուրս պիտի գայինք: Իջնելուն պես տեսանք համազգեստով, դեմքը ամբողջովին փակ, սպիտակ շորերով բուժ աշխատողի: Նույնիսկ վարորդն էր սպիտակազգեստ:

Ժամանեցինք հիվանդանոց, դեռ չգիտեինք, որ այստեղ անցկացնելու ենք 10 օր: Նմուշառումը կատարվեց: Մեզ մնում էր միայն սպասել:

Այդ պահին չունեինք ջերմություն, միայն հազն էր ուժեղանում ու գլխացավը:

Օր 6
Մի կերպ լուսացնելով՝ անհամբեր սպասում էինք թեստերի պատասխաններին՝ հուսալով, որ հիմա գնալու ենք տուն ու հանգիստ շունչ քաշենք: Ավաղ, թեստերի պատասխանը եկավ դրական:

Մեր ինքնազգացողությունը շարունակում էր մնալ նույնը՝ ջերմության տատանում, թուլություն, ախորժակի բացակայություն, սուր հազ, ու մի քիչ ավելի բարդ էինք տանում ջերմության տատանումները:

Օր 9` այսօր
Մենք դեռ շարունակում ենք պայքարել վիրուսի դեմ: Գիտեմ, որ 8-10 օրերն ամենակրիտիկականն են, այս շրջանում իմունային համակարգն սկսում է ակտիվ պայքարել վիրուսի դեմ, ու բարձր ջերմությունը նույնիսկ լավ է: Նշանակում է մեր իմունիտետը թեժ կռիվ է տանում: Այսօր կորցրել ենք համի զգացումն ու ախորժակը:

Չնայած քաղաքում պտտվող անհիմն խոսակցություններին՝ մենք շարունակում ենք լավատեսորեն սպասել մեր դուրս գրմանը:

Շնորհակալ ենք Գյումրու բուժաշխատակիցներին այսչափ ուշադիր ու ջերմ վերաբերմունքի համար:

Շուտով դուրս կգրվենք, մենք` ուրախ, որ այս փորձությունը ևս հաղթահարեցինք պատվով, մեր հարազատներն ու բարեկամները՝ ևս ուրախ, որ ապաքինվել ենք, իսկ անհիմն խոսացողները` զարմացած, որ իրենց վարկածները սուտ էին:

Շնորհակալություն երկար գրառումս կարդալու համար: Ազատ ժամանակ շատ ունեմ, որոշեցի կիսվեմ մի քիչ ձեր հետ:

Խնդրում եմ, մնացեք տանը, որ ապահովագրեք ինքներդ ձեզ և ձեր հարազատներին, ինչպես արեցինք մենք:

P.S. Կարոտել եմ փողոցով քայլելն ու մադդկանց հետ շփումը:

Ինտրովերտ` Լիանա»: