Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք գործադիրը քննարկել է օրավարձով ապրող մարդկանց կրած կորուստները փոխհատուցելու հարցը և արդյո՞ք Կառավարությունը կոչով կդիմի վարձով բնակարաններ տված քաղաքացիներին՝ վարձակալներին տնից չհանել, եթե այս ամսվա վարձավճարը նրանք չկարողանան վճարել:

Պատգամավորի հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես գոնե իմ լրագրողական գործունեության ընթացքում ցույց եմ տվել, թե ինչպես են նման էմոցիոնալ իրավիճակներում օգտվում ոչ միայն կարիքավորները, այլ նաև նրանք, որոնք դրա կարիքը չունեն, հետևաբար՝ մեր բոլոր գործողությունները պետք է լինեն հասցեական, օգնությունը պետք է հասնի ճիշտ հասցեով, որովհետև այդ օգնությունը, որը մենք ցույց ենք տալիս, տալիս ենք հանրային միջոցներով, իսկ երբ այս ճգնաժամն անցնի, մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք: Հիմա ասում են՝ պետական աշխատողների կոմունալ վճարները հետաձգենք՝ ինչո՞ւ. չէ՞ որ նրանք աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավի վարձավճարները ինչո՞ւ հետաձգենք, կամ նպաստառուները, ինչպես իրենց նպաստը ստանում էին փետրվար ամսին, այնպես էլ ստանալու են հիմա, ինչո՞ւ հետաձգեն»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ արտակարգ դրության հաստատման առաջին օրվանից պարետը ձեռք է բերել պայմանավորվածություն որոշ ընկերությունների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որ մարդկանց գազը և հոսանքը չանջատեն:

Վարչապետը նաև նշեց, որ, եթե քաղաքացին երկու միլիոն դրամի գազ է սպառել և չի վճարել, այդ դեպքում ճիշտ են արել, որ նրա գազամատակարարումն անջատել են, որովհետև ենթադրվում է, որ 2 միլիոն դրամ գազ օգտագործած մարդն ի վիճակի է վճարել այդ գումարը, իսկ եթե անապահով խավից մեկի գազն են անջատել, ապա՝ այո, կգնան և կմիացնեն: