Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։ Գյումրու բնակիչը հրավիրվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում տալու։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը պահանջած 100 դոլարը ծրարով ստանալու պահին բռնվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին։ Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: