Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա և դրա հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Այս պահին ունենք դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվն անգիր չեմ հիշում, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող և միջին ծանրության դեպքեր չկան: Երեխաները գուցե կարող են դառնալ վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց օրգանիզմի վրա նկարագրված դեպքեր մինչև օրս չկան, եթե հաշվի առնենք, որ աշխարհում վարակվածների թիվը հասնում է մոտ 500.000-ի և երեխաների մոտ որևէ ծանր ընթացքի վերաբերյալ դեպքեր չկան»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի, երբ նշում են որևէ տարիքային խումբ, որն ավելի քիչ է խոցելի վիրուսով վարակվելու առումով, նկատի ունեն այդ տարիքային խմբի ավելի առողջ երեխաներին:

«Եթե, օրինակ, կա դիմադրողականության բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, ապա տվյալ երեխան դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ այս հիվանդության: Մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք քիմիաթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու համար: Միանշանակ է, որ փոխանցման շղթան պետք է կոտրել բոլոր տարիքներում, բոլորս պետք է պահպանենք այդ կանոնները՝ հեռավորության, ձեռքերը լվանալու հիգիենիան, շփումների քանակը նվազեցնել, այս վարքագիծը պետք է որդեգրենք՝ որպես մեր հիմնական վարքագիծ անորոշ ժամկետով, որից հետո կա՛մ կլինի նահանջ, կա՛մ ուղղակի կլինի բուժող դեղ, որն այս պահին չկա»,- հավելեց նախարարը: