Կորոնավիրուսից մահացած քաղաքացու հուղարկավորությունը կանցկացվի համաճարակաբանական ցուցումներով. ԱՆ

Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացած մեր 72-ամյա քաղաքացու հուղարկավորությունը կազմակերպվելու է համաճարակաբանական ցուցումների համապատասխան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Դետալներ ներկայացնել չէի ցանկանա, դագաղը փակ է լինելու»,- ասել է նա:


Այն հարցին, թե կա՞ արդյոք դիակիզման պահանջ, ինչի մասին վերջին օրերին շատերն են խոսում, Նիկողոսյանը բացասաբար արձագանքել է.

«Դիակիզման պահանջ չկա, ուղղակի հուղարկավորությունն անցկացվելու է՝ ըստ համաճարակաբանական ցուցումների»:

Սոցցանցերում տարածվող գրառումներ կան, որոնցով քաղաքացիները միմյանց կոչեն անում մնալ տանը, քանի որ եթե վարակը տուն տանեն եւ փոխանցեն իրենց տարեց բարեկամներին, նրանց՝ հիվանդության մասին հայտնի լինելու օրը կարող է լինել իրենց միասին լինելու վերջին օրը, ավելին՝ իրենք անգամ վերջին հրաժեշտի պահին իրենց սիրելիի դեմքն այլեւս չեն տեսնի:

Որքանո՞վ են տեղին նման մտքերը՝ Ալինա Նիկողոսյանը մեկնաբանել չի կամեցել, սակայն հիշեցրեց.

«Բացառել չենք կարող, իսկ վարակվածների հուղարկավորության կարգը դա է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում