Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3000-ի, այս թվերը տագնապ են առաջացնում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ Այս պահին որևէ վարակված հայ չունենք, բոլորն էլ առողջ են․ «Իսրայելում արտակարգ դրություն հայտարարելուց առաջ արդեն կարանտին հայտարարեցինք, այսինքն՝ վանքի գլխավոր մուտքը փակեցինք և՛ ուխտավորների, և՛ տուրիստների մուտքն այդպիսով արգելեցինք, միայն հոգևորականներին և վանքում բնակվող աշխարհականներին էր թույլատրվում ելումուտ անել վանքում։ Բոլոր միջոցառումները ձեռնարկել ենք, որ Կորոնավիրուսը չթափանցի վանք, չներթափանցի մեր տարածք, ինչպես նաև չեղարկել ենք առավոտյան և երեկոյան ժամերգությունները և ընդամենը մեկ անգամ ենք պատարագ արել։ Այս պահի դրությամբ, փառք Աստծո, չունենք ո՛չ վարակված,, ոչ էլ զոհ»,-նշեց հայր Կորյունը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն ութ մահացած կա, և ամեն օր հարյուրով ավելանում է վարակվածների թիվը։ «Ընդհանուր խիստ և ամբողջական կարանտին է հայտարարվել, ելումուտը, ընդհանրապես տեղաշարժն արգելված է, առավելագույնը մինչև հիսուն մետր կարելի է դուրս գալ, իսկ դուրս գալիս էլ միայն խանութներ սնունդ գնելու և դեղատուն գնալու համար, այլապես որևէ այլ պատճառով ոստիկանները թույլ չեն տալիս տեղաշարժվել, հետ են ուղարկում տուն։ Հարսանիքներ նույնպես չկան, ըստ որոշման՝ տասը հոգուց ավելի ոչ մի միջոցառում թույլ չի տրվում, ոստիկանությունն անմիջապես ցրում է»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանին աջակցելու ինչ քայլեր են իրականացվում, արդյոք պատրիարքությունում քննարկվել է այս հարցը, հայր Կորյունը նշեց, որ այսպիսի ծրագիր չկա, որևէ մեկը Հայաստանից նման խնդրանքով չի դիմել, որևէ ծրագիր չի ներկայացրել։ «Անկեղծ ասած, այստեղ մենք բավականին մեծ համայնքի մասին պետք է հոգ տանենք»,- նկատեց նա և հավելեց՝ իսկ եթե դիմեն, ապա պատրիարքության տնօրենների որոշում կա, որտեղ քննարկում կլինի, և որոշում կկայացնեն։

Լուսանկարը՝ panorama.am-ի