ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հեռախոսազրույցի արդյունքում համաձայնության են եկել այն մասին որ Չինաստանն ԱՄՆ իշխանություններին կփոխանցի կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր տվյալները: Այս մասին ԱՄՆ առաջնորդը ուրբաթ հայտնել է լրագրողներին, փոխանցում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Մենք խոսել ենք փորձի, որի հետ առնչվել է Չինաստանը, և տեղի ունեցած ամեն ինչի մասին: Եվ մենք շատ բաներ իմացանք»,- ասել է նա: «Մենք շատ բաներ իմացանք և հրաշալի զրույց ունեցանք: Չինաստանը մեզ հիանալի տվյալներ կփոխանցի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

«Նրանք սրա հետ բախվել են վաղ փուլում և մենք ստանում ենք այդ ամբողջ տեղեկատվությունը: Դրա զգալի մասն արդեն ուղարկվել է: Այն ուղարկել են երեկ, և այդ տեղեկատվությունը փոխանցվել է մեր գիտնականներին ուսումնասիրության համար»,- հավելել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն էին հայտնել համագործակցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: