Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ընթերցում էի ՀՀ ԱԺ պատգամավորների հրապարակային «բանավեճը»։ Չակերտների մեջ եմ գրում բանավեճը, քանի որ դա ավելի նման էր պրիմիտիվ լեզվակռվի, քան՝ բովանդակային քննարկման։ Բայց դա էլ մի կողմ։

Ողբալի վիճակ էր պատգամավորների գրագիտության առումով։ Ստիպված եղա դուրս գրել մի քանի կոպիտ ու աններելի սխալ․

1․ Պատգամավորը չգիտի, որ «ոտք» բառը չի գրվում «վոտ»։
2․ Պատգամավորը «էլ»-ի փոխարեն գրում է «ել», և դա ոչ մեկ տեղ, մի քանի անգամ, ինչը նշանակում է, որ նա պարզապես չգիտի դրա ուղղագրությունը։
3․ Պատգամավորը «խոսել» բայը օգտագործելիս բազմիցս գրում է՝ «խոսալ» կամ «խոսացել»։
4․ Պատգամավորը «էր» օժանդակ բայի ժխտական ձևը կիրառելիս մի քանի անգամ գրում է «չեր», ինչը ևս նրա գրագիտության մակարդակի մասին է խոսում։
5․ Պատգամավորն անգամ չգիտի, որ «շփվել» բայը «բ»-ով չի գրվում («շբվել»)։

Երբ 2 տարի առաջ դժգոհում էինք նախկին իշխանությունների մեջ վխտացող անգրագետներից, գոնե գիտեինք, որ նրանք իրենք էլ գիտեն իրենց անգրագիտության մասին և գերադասում են հեռու մնալ հրապարակային ելույթներից (գոնե շատերը)։

Այսօր հրապարակ եկած բազմաթիվ քաղաքական գործիչներ և պատգամավորներ այնպիսի ինքնավստահությամբ են խոսում իրենց «բարձր մակարդակի» մասին, որ ուզում ես ասել՝ նախ գնա տարրական գրագիտություն սովորիր, գոնե մարդավարի հայերեն խոսել, նոր խոսիր պետական կառավարումից կամ առավել ևս՝ հայրենասիրությունից։ Ի վերջո, մարդը չի կարող հայրենասեր լինել, եթե չի ճանաչում իր երկիրն ու իր երկրի ստեղծած արժեքները, այդ թվում՝ լեզուն»: