Արցախում խնամակալ չունեցող անձանց պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։

«ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին (63 տարին լրացած՝ չաշխատող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք) ապահովելու նպատակով պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ:


Նշված ապրանքների տրամադրումը շահառուներին նախատեսվում է իրականացնել ապրիլ ամսվա սկզբից:

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակելու նպատակով նախարարությունը կիրականացնի «Նպաստ» տեղեկատվական և եկամտահարկի բազաների համադրում՝ ճշտելու մինչև 14 տարեկան այն երեխաների ցուցակները, որոնց ծնողները 2020թ. մարտի 16-ից կորցրել են եկամտի աղբյուրը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման և առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առանձին աջակցություն կցուցաբերվի ԱՀ և ՀՀ չորս սահմանային անցակետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժաշխատողներին:

Աշխատանքներ են իրականացվում սոցիալական աջակցություն ցուցաբերելու ցանկություն հայտնած բարեգործական և հասարակական կազմակերպություններին՝ առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվող օժանդակությունները առավել խոցելի սոցիալական խմբերին ուղղելու նպատակով:

Նախարարությունը, պահպանելով պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները, շարունակում է քաղաքացիների դիմումների ընդունումը և դրամական (նյութական) օգնությունների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։