Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդություն ու դրա հետևանքով մահերի աննախադեպ թիվն ամբողջ աշխարհում գիտության ու բժշկության ոլորտով զբաղվողներին համախմբել է մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծել դեղամիջոց, որի միջոցով հնարավոր կլինի բուժել կորոնավիրուսային հիվանդությունը:

Այս պահին նոր կորոնավիրուսի բուժման համար հաստատված և համապատասխան ստուգումներն անցած որևէ դեղամիջոց աշխարհի որևէ երկրում առայժմ չկա, սակայն մոտ 2 տասնյակ դեղամիջոց է փորձարկվում, իսկ փորձարկումները հաճախ կարող են մի քանի ամիս, անգամ տարիներ տևել: «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի ընկերության կողմից ևս մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը ևս փորձարկումների փուլում է գտնվում:

Ֆրանսիացի մի խումբ բժիշկներ պնդում են, որ մալարիայի, կարմիր գայլախտի դեմ կրիառվող դեղամիջոցներից մեկը կարող է բուժել կորոնավիրուսը: Ավելին դեղամիջոցն արդեն իսկ փորձարկել են կորոնավիրուսով վարակված մոտ երկու տասնյակ կամավորների վրա, որոնք բոլորն էլ մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվել են: Մասնագետների պնդմամբ՝ պետք չէ ժամանակ ծախսել և այս դեղորայքի միջոցով պետք է սկսել ավելի մեծ մասշտաբի բուժում իրականացնել, միևնույն ժամանակ, նրանք փաստում են, որ պետք է ուսումնասիրել նաև, թե դեղն այլ հիվանդություններով տառապողների վրա ի՞նչ կողմնակի և բացասական ազգեցություններ կարող է ունենալ:

Թաիլանդի բժիշկները հայտարարել են, որ ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցների համատեղումը, դրական արդյունք է տալիս կորոնավիրուսի բուժման ժամանակ: Նրանք կորոնավիրոսով վարակված հիվանդի բուժման ժամանակ համատեղել են ՄԻԱՎ-ի ու գրիպի բուժման համար նախատեսված դեղամիջոցները և 48 ժամ հետո, հիվանդի մոտ վիրուսն այլևս չի հայտնաբերվել: Բժիշկները սակայն նշում են, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի վերջնական տարբերակը չէ, սակայն կարող է օգնել բարելավելու հիվանդների վիճակը:

Կորոնավիրուսի դեմ տարիներ, անգամ տասնամյակներ առաջ ստեղծված դեղերից մալարիայի դեմ կիրառվող դեղը միակը չէ, որի շուրջ կլինիկական փորձարկումներ են իրականացվում: ԱՄՆ-ում 1500 հիվանդների մասնակցությամբ ևս մեկ փորձ է իրականացվում, այս անգամ դեղը կրկին նոր չէ, այն տասնամյակներ առաջ է ստեղծվել և կիրառվել է ճնշման տատանումների ժամանակ: Կլինիկական փորձարկումների ղեկավար Թիմս Խակերը հայտնել է, որ այս դեղամիջոցով ակնկալում են ոչ միայն կանխարգելել վարակի տարածում, այլ կիրառել արդեն վարակվածների շրջանում՝ բուժական նպատակով:

The Guardian պարբերականի փոխանցմամբ Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարությունից հայտնել են, որ Ֆուջիֆիլմի դուստր ձեռնարկության կողմից մշակված favipiravir դեղամիջոցը անհավանական արդյունքներ է գրանցել կլինիկական փորձարկումներում՝ Ուուհանում և Շենժենում: Փորձարկումներին ներգրավված է եղել 340 հիվանդ: Հիվանդներն, ովքեր Շենժենում դեղորայք են ստացել, 4 օր անց կորոնավիրուսի թեստ բացասական է եղել, իսկ թոքերի ռենտգեն հետազոտությունները փաստել են, որ հիվանդների մոտ 91 տոկոսով թոքերի վիճակը բարելավվել է:

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի բուժման համար դեղորայքի ցանկը, որում ներառվել են ՄԻԱՎ –ի, հեպատիտ C–ի և ցրված սկլերոզի բուժման համար նախատեսված դեղեր: Մասնավորապես, առաջարկվում է «չինական վիրուսի» բուժել այնպիսի դեղերով, ինչպիսիք են Ռաբավիրինը, բետա 1բ ռեկոմբինատ ինտերֆերոնը և Լոպինավիրը/Ռիտոնավիրը։ Նշվում է, որ Ռաբավիրինն օգտագործում են հեպատիտ C–ի բուժման համար, երկրորդը նվազեցնում է ցրված սկլերոզով տառապող հիվանդների մոտ սրացումների հաճախականությունն ու ծանրությունը։ Վերջին դեղը կիրառվում է ՄԻԱՎ–ի բուժման ժամանակ։

Ավելի վաղ Չինաստանի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց կարող է լինել հակավիրուսային «Աբիդոլ» դեղամիջոցը: Այդ դեղամիջոցը ներառվել է COVID-2019 կորոնավիրուսի բուժման նախնական պլանի 6 տարբերակներում՝ քլորոքինֆոսֆատի եւ ռիբավիրինի հետ՝ ինտերֆերոնի կամ լոպինավիրոմ/ռիտոնավիրոմի հետ համադրությամբ:

Օրեր առաջ Հայաստանի առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ փորձարարական մակարդակով կիրառվող բոլոր դեղամիջոցները. «Մենք արդեն ունենք բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարական մակարդակով աշխարհում կիրառվում են այս հիվանդության բուժման համար, քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը։ Սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի որևէ երկրում դրական արդյունք են ցույց տվել, մենք այս պահին ունենք մեր զինանոցում, այդ թվում` վերջին օրերին հայտարարված «Պլակենիլ» դեղը»:

Մինչ դեղորայքի հայտնաբերումը մասնագետները հորդորում են ինքնագործունեությամբ և ինքնաբուժությամբ չզբաղվել, ցանկացած դեղամիջոց ընդունել միայն բժշկի ցուցումով:

Նշենք, որ այն պացիենտների դեպքում, որոնց մոտ կորոնավիրուսը թույլ է արտահայտված, բժիշկները որևէ բուժում չեն կիրառում: Պացիենտը մեկուսացվում է առնվազը 14 օրով, որից հետո կրկնակի թեստ է արվում՝ 24 ժամվա տարբերությամբ, ինչի արդյունքում էլ պարզ է դառնում, արդյոք նա բուժվել է, թե՝ ոչ: Հավելենք, որ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվածի բուժման և թեստի բացասական արդյունքներից հետո էլ վերջինիս հորդորում են ինքնամեկուսանալ, որոշ դեպքերում էլ նրան շարունակում են ևս մի քանի օր մեկուսացված պահել:

Արմինե Նավոյան

Աղբյուրը՝ http://armdaily.am/?p=86025&l=am%2F&fbclid=IwAR0VfyZMXleGjkTrrqvYODstuVDwK__s7m8xYVgzj6WNDWEfp1EdJXra1ls