ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման յոթերորդ ծրագիրը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հղի կանանց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց. «Միջոցառման շահառու է այն հղի կինը, որը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում եւ նույն ժամանակահատվածում չի անցել մեկ այլ աշխատանքի։


Նա նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով՝ 100 հազար դրամի չափով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, սահմանափակումներ չեն դրվում, իրենք կարող են նաեւ մյուս ծրագրերից էլ օգտվել։

Վարչապետը հավելեց՝ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը մահացել է, եւ այս դեպքում նա եւս պետք է օգտվի աջակցությունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկ այլ դեպք նշեց, երբ, օրինակ, կինը բռնության պատճառով հեռացել է ամուսնուց, միայնակ է ապրում:

Արձագանքելով նրան՝ վարչապետն ասաց, որ նման շեշտադրում պետք չէ անել, որովհետեւ դա որոշակի չարաշահումների դուռ կարող է բացել: