ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց ՀՀ քաղաքացիներին, նա կոչ արեց չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին:

«Մտածենք ինքներս մեր մասին, մեր հարազատների, առնվազն կամ ամենաշատը տարիքով ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետև նրանք խոցելի են այս հիվանդության առաջ»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա կամ չկա առողջապահական համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածություն, իսկ քաղաքացիներին ուղղված ուղերձն, ըստ Փաշինյանի, մնում է նույնը՝ «մնացե՛ք տանը, պահպանե՛ք ինքներդ ձեզ, ձեր և ձեր հարազատների առողջությունը»:

Վարչապետն անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ են շատանում կորոնավիրուսով վարակման դեպքերը: Նա նշեց՝ դեպքերը շատանում են, այդ թվում նաև այն պատճառով, որ շատ դեպքերում սահմանափակումները ճշգրիտ չեն պահում:

«Նաև ունենք բերովի դեպքեր, քանի որ հաղորդակցությունը 100 տոկոսով փակված չէ, բեռնափոխադրումներ են տեղի ունենում, դրա արդյունքում նաև վարակվածության որոշակի դեպքեր են ի հայտ գալիս: Դրանք հաշվառում են, մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս սահմանափակվի, դրա կարևոր գործիքներից է նաև տեղաշարժի սահմանափակումը, բջջային հեռախոսների տվյալների օգտագործումը հակահամաճարակային նպատակով»,- ասաց վարչապետը: