Այդ պարագայում անհնար է ֆրակցիան հավաքել, եթե հիմա վազելով էլ գնանք Խորհրդարան, այլեւս չենք կարող ելույթ ունենալ, որովետեւ հարցը շատ կարճ է եւ անիմաստ է։ Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության դարձյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն։

Նշենք, որ նիստի օրակարգում արսօր արդեն մեկ անգամ տապալված Զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի փաթեթն է։

«Պարզվում է, որ ԱԺ նիստի ավարտից հետո բոլորս գնում ենք տուն եւ 17։05-ին Գեւորգ Գորգիսյանին է զանգահարում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը եւ տեղեկացնում, որ ժամը 17։00-ին արտահերթ նիստ է։ Կարծում եմ՝ ամեն ինչ ունի սահմաններ, սա բոլոր սահմանների անցումն է։ ԱԺ-ն ունի նախագահ, փոխխոսնակներ եւ ունի ղեկավարություն, օրինակ՝ Լիլիթ Մակունցը, Մակունցն ու ԱԺ ղեկավարությունը ժամը 16։00-ին գիտեին չէ՞, ոչ նիստ է լինելու, կարո՞ղ էին ժամը 16։00-ին մեզ տեղեկացնել։ Այսինքն՝ մարդիկ արտահերթ նիստ են հրավիրում եւ նիստից 5 րոպե հետո զանգում են ընդդիմությանն ու ասում՝ արտահերթ նիստ է։ Օրինակ՝ նախորդ արտահերթ նիստերին, որոնք գումարվել են երեկոյան ժամերին ինձ զանգահարել է Արարատ Միրզոյանը»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։

Մարուքյանն ասաց, որ աշխատակազմում իրենց օգնականները լրագրողներից են իմացել նիստի մասին։

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ այդ օրենքի նախագիծը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ. «Այս օրենքի նախագիծը մտահոգիչ նախագիծ է, եւ մենք մտահոգություններ ենք հայտնել, այն չի փարատվել, այդ պատճառով դեմ ենք քվեարկել եւ հետո էլ բոյկոտել ենք, որի արդյունքում այն տապալվել էր։ Աշխարհում կա պրակտիկա, երբ Խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը դա երկրորդ անգամ չպետք է բերի։ Իշխանությունը բերել է զոռբայությամբ անցկացնի։ Տեսեք, թե ինչպես են սիրելի ժողովրդավարները արագ դառնում սիրելի ավտորիտարներ։ Ամոթ ձեզ եւ սա ոչ գործընկերային է, ոչ քաղաքական է, այս պահվածքը ոչ մի ձեւով հարգելի չէ»։