«Ապրիլի 6-ին Երևանից ՌԴ մեկնող ինքնաթիռն անհրաժեշտ բժշկական պարագաներ ու սարքավորումներ կներկրի Հայաստան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մեզ անհրաժեշտ այլ պարագաների թվում նաև 60 000 հատ թեստ է ներկրվելու»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում գիտական մակարդակով քննարկվում է կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության հարցը:

«Կառավարությունը խոստացել է դրանով զբաղվող գիտական ինստիտուտին աջակցել ինչպես հումքի տրամադրմամբ, այնպես էլ մարդկային ռեսուրսներով: Ինչպես նաև հենց հիմա, հենց այս փուլում փորձում ենք հասկանալ, թե որքան հատուկ սարքավորումներ պետք է ներմուծենք, որոնք թեստերն ավտոմատացված ռեժիմով իրականացնեն»,- ասաց Ավինյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկա հաշվարկներով Հայաստանում նախատեսվում է շուրջ 100 000 տեղական թեստեր արտադրել, եթե կառավարությանը հաջողվի ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները: