Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը Վրաստանում ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 117, հաղորդվում է կառավարական stopcov.ge կայքում։

Ապաքինված պացիենտների թիվը հասել է 23-ի։ Եւս երկու վարակված արտասահմանցիներ մեկնել են Վրաստանից։ Այսպիսով, ներկայում բժիշկները հետեւում են հիվանդության 92 ակտիվ դեպքի, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Բացի այդ, կարանտինի մեջ է 5783 քաղաքացի, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 301 քաղաքացի։

Հիվանդության նոր դեպքերը լրագրողների համար մեկնաբանել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։

«Այսօր երեկոյան հայտնաբերվել է երկու նոր դեպք։ Պացիենտներից մեկը արդեն գտնվում է մեր հիվանդանոցում։ Դա բերված դեպք է, պացիենտը Հայաստանից է եկել։ Առայժմ նրա վիճակը ծանր չէ։

Երկրորդ պացիենտին, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, պետք է բերեն Բաթումից։ Դա 10 տարեկան երեխա է, նրան ծնողն է ուղեկցում։ Առայժմ ես չգիտեմ նրա հիվանդության պատմությունը։ Ծնողի մոտ այս փուլում վիրուս չի հայտնաբերվել»,- ասել է Էզուգբայան։

Հիվանդանոցի ղեկավարը նշել է, որ երկու ծայրահեղ ծանր պացիենտների վիճակը այսօր չի փոփոխվել, այն անկայուն է եւ կանխատեսել նրանց վիճակն անհնար է։

Միաժամանակ, եւս երեք ծանր հիվանդների վիճակը կայունացել է։

Էզուգբայայի խոսքերով՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու նոր պացիենտների հետ միասին կլինի 35 վարակված։ «Բոլորի վիճակները տարբեր ծանրության են՝ որոշների մոտ թեթեւ տարբերակն է, որոշների մոտ ծանրության միջին տեսակը՝ պնեւմոնիայով։ Այսօր թեսթավորվել է հինգ պացիենտ, բոլոր պատասխանները բացասական են եղել, այժմ թեսթավորում ենք եւս 12 պացիենտի», ասել է նա։