Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների հետ կապված շնորհավորելուց հետո հայտնվել է Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակում»:

«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել եւ իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է ՄաքԴերմոթը:


«Ավտորիտար ռեժիմների եւ բռնապետությունների տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն: Շնորհավորում ենք Արցախի ազատ մարդկանց»,- գրել է նա:

Ավելի ուշ նա հավելել է, որ «ազատ եւ ժողովրդավար Արցախին աջակցելու պատճառով հայտնվել է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի սեւ ցուցակում»: «Ես միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին եւ իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»,- նշել է նա՝ բերելով Ադրբեջանի ամբողջական «սեւ ցուցակի» հղումը: