«Փաստ» թերթը գրում է. «Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ ունեցող անձինք իրենց հասանելիք անվճար դեղամիջոցները որոշակի պարբերականությամբ ստանում են այն պոլիկլինիկաներից կամ հիվանդանոցներից, որտեղ գրանցված են: Այս օրերին մենք զանգեր ենք ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք խնդրում են համապատասխան կառույցներից ճշտել՝ արդյոք որևէ կարգ գործո՞ւմ է կարանտինի օրերին դեղերն առաքելու կամ այլ տարբերակով դրանք ստանալու համար, քանզի իրենք գտնվում են ռիսկային գոտում, առավել ևս, որ նրանց մեջ քիչ չեն տարեցները:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Արտակարգ դրության սկսվելու օրվանից ի վեր պարետատունն ամենաշատը մտածում է ավելի տարիքով մարդկանց առողջ ու լավ լինելու մասին:

Նրանք շարունակում են ստանալ իրենց բուժումը, դեղորայքը: Ինչ վերաբերում է հիվանդանոց կամ պոլիկլինիկա գնալուն, ապա նրանք, ովքեր պետք է գնան հիվանդանոց, քանի որ այլ պայմաններում հնարավոր չէ, գնում են հիվանդանոց, նրանք, որոնց հնարավոր է դա տուն հասցնել, դա էլ է արվում:

Գիտեմ, որ շատերն իրենց ընտանիքի անդամների միջոցով են ստանում և փոխանցում դեղերը: Այդ մասին բազմիցս հայտարարվել է: Ի սկզբանե, երբ սահմանափակումներ էին դրվում, այդ մասով սահմանափակումները հանվել են, որ ընտանիքի անդամները կարողանան դեղորայք կամ խիստ անհրաժեշտ այլ բաները՝ սննդից սկսած, հասցնել իրենց ավելի տարեց հարազատներին: Ամեն օրվա կտրվածքով այս պահին ամենաշատն ուշադրության կենտրոնում տարեցների թիրախային խումբն է, որպեսզի այնպես արվի, որ նրանց տեղաշարժը մինիմալ լինի և իրենց հասցնեն այն, ինչ իրենց անհրաժեշտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: