Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը երեքշաբթի երեկոյի տվյալներով կայուն է, նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ, հայտարարել է կառավարության գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։

«Վարչապետի վիճակը կայուն է, նա շարունակում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մնալ՝ հսկողության տակ։ Նրա տրամադրությունը լավ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բրիտանիայի արտգործնախարար, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Ռաաբը վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսով հիվանդանոցում գտնվող Բորիս Ջոնսոնը կհաղթահարի հիվանդությունը և դուրս կգա այդ վիճակից։ Նախարարը նշել է, որ Ջոնսոնն առաջվա պես գիտակից վիճակում է և թթվածնային բուժում է ստանում։