ԱՄՆ գիտնականների ֆեդերացիայի (Federation of American Scientists) նախագահ, վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետ, համավարակներին պատրաստության ոլորտում առաջատար գիտնական Ալի Նուրին, tert.am-ի փոխանցմամբ, Daily Mail-ի հետ զրույցում հայտնել է, որ իր կանխատեսումների համաձայն՝ մարդկությունն իր բնականոն կյանքին չի վերադառնա այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստեղծվի, որը կարող է ընդհուպ մեկ տարի տևել։

Ալի Նուրին հայտնել է, որ սոցիալական հեռավորության պահանջները չեն չեղարկվի միչև ամառ, ինչպես կարծում են շատ ամերիկացիներ, քանի որ վիրուսն «աննախադեպ» է մարդկության պատմության ընթացքում։

«Կախարդական ամսաթիվ չկա, որից հետո բոլորը կվերադառնան իրենց բնականոն կյանքին: Այդ օրը դեռ երկար չի գա»,- հայտնել է նա։

«Նոր տեսակի կորոնավիրուսի տարբերությունն այլ գրիպների հետ այն է, որ այն 10 անգամ ավելի մահացու է և ավելի արագ է տարածվում»,- հայտնել է նա։

Նրա կարծիքով՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄՆ պետք է զանգվածային թեստավորումներ անցկացնի՝ բացահայտելու համար ոչ միայն վարակակիրներին, այլ նաև այն մարդկանց, որոնք հիվանդության հանդեպ իմունիտետ են ձեռք բերել։

«Մարտահրավերային է այն, որ վիրուսը կարող է փոխանցվել առանց ախտանիշների: Վարակակիրների 25 տոկոսը նույնիսկ չգիտեն, որ վարակված են», – ասել է վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետը։

ԱՄՆ-ում վարակակիրների թիվը 400 540 է, որոնցից 12 857-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 21 711 հիվանդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 431 912 դեպք, 82 083-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում: