Այս երկու մարդը չեն փոխվելու. ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը. իրար ատելով՝ իրար արժեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ կատարվեց երեկ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Վերնագիրը՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Իրեն պատկանող ilur.am կայքում։ Ոչ իրեն բնորոշ՝ հապճեպ-վատ տեքստ է, ամենեւին ոչ ոսկեղենիկ։ Միտք բանին չեմ պատմելու։ Կարդացել եք-կարդացեք։

Նիկոլ Փաշինյանին պատկանող armtimes.com կայքը այն թողարկեց «Նա հարվածում է թե առջեւից, թե կողքերից, թե թիկունքից, թե օդից» կոպիտ-բանսարկու վերնագրով։ Հետո, ՀԱԿ-ականների՝ այդ վերնագրին բուռն արձագանքելուց հետո, փոխեցին վերնագիրը։

Ինչն էր նյարդայնացրել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ.

1. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը, մինչդեռ երկու անգամ դրական է խոսում պարետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին։ Ամբողջ տեքստում չկա նաեւ վարչապետ բառը։

2. Երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրությունը չեղարկել, Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավիճակը գնահատում է պատերազմական։

3. Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ այս իշխանությունից հաշիվ պահանջելը թողնել ապագային (պատկերացնո՞ւմ եք՝ հաշիվ պահանջել Նիկոլ Փաշինյանից)։

Պարզ է՝ իր բնույթին հավատարիմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ ձեւակերպումները չէր հանդուրժելու։ Նա այս ամենը տեսել-հասկացել է։ Այստեղից էլ armtimes-ի առաջին վերնագիրը։ Բայց, չնայած թվացյալ բացարձակ իշխանությանը, ինչ-ինչ վախեր չի կարողացել հաղթահարել եւ փոխել է վերնագիրը։

Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտագործած ձեւակերպումները. «սադրիչներ ու չարակամներ», «ատելության, թշնամանքի սերմանում», «երկրորդ ճակատ են բացել», «պետական դավաճանություն», «հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներ»։

Այստեղ դադար տանք։ Ընդգծելով հիշենք, որ «հայտնի ուժեր» կապակցումը Լեւոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի հրաժարականի տեքստից է։ Այն վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին։

Ոչ մի խոսք, որ տարիներ շարունակ ինքն է պառակտում-թշնամանք սերմանել։ Ոչ մի խոսք, որ այս երկու տարին իր անմիջական շրջապատի մարդիկ են մաղձ ու ատելություն սերմանում իրեն միայն դրական լույսի տակ պահող լրատվամիջոցներով։ (ilur-ն ու Հայկական ժամանակ-armtimes-ը ներառյալ)։

Վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ եւ երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսեւորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել։ Բնականաբար, չէր անելու նաեւ այս հոդվածով։

Ամենավերջում էլ՝ հավատում է մեր ժողովրդի համախմբվելու ունակությանը։ Երբ ինք է պառակտել պարբերաբար։ Այսօր էլ այս հոդվածով է պառակտում։

Եզրակացություն. այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն։