Մեզ անսպասելի տուն են ուղարկում: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է FLEX կրթական փոխանակման ծրագրով ԱՄՆ–ում գտնվող հայուհին։

«Մեզ ուղարկում են տուն վիրուսի պատճառով։ Հիմա բոլորս շատ խառն ենք, որովհետեւ անսպասելի էր մեր գալը։ Պետք է վաղը գայինք, բայց երեկ իմացանք,որ այսօր ենք գալիս։ Ամեն մեկս մեր նահանգից թռիչք ունենք դեպի Վաշինգթոն, այնտեղից Վրաստանի և Հայաստանի բոլոր աշակերտներով կգնանք ԱՄԷ, ապա՝ Թբիլիսի։ Սա արդեն հատուկ թռիչք է մեր աշակերտների համար, որ Վրաստանն է կազմակերպել։ Թբիլիսիից Հայաստանի աշակերտները չգիտեմ՝ թռիչք կունենան Հայաստան, թե ավտոբուսով կվերադառնան Հայաստան։ Կորոնավիրուսից չէի վախենում, որովհետեւ մտածում էի՝ մեզ վրա չի ազդի, բայց այս պահին շատ վատ է, որովհետեւ մեզ երկու ամիս շուտ են ուղարկում, եւ մեր այստեղի կյանքը կիսատ է մնում։

Երեւի մտածում էին՝ Ամերիկայում ավելի շատ կորոնավիրուսի դեպքեր կան ու մահվան դեպքեր կան։ FLEX ծրագիրն ինքը չէր ուղարկում, ասել էին, որ կարող է՝ շուտ ուղարկեն, բայց ներկայումս չթռիչքներ չկան, և եթե երկրները հատուկ թռիչք ունենան մեզ համար, մենք կգանք։ Չունեինք հնարավորություն ընտրելու՝ ուզում ենք գնալ, թե ոչ։ Ընտանիքի անդամները ավելի հանգիստ էին, երբ ես հյուրընկալող ընտանիքում էի, որովհետեւ ամբողջ օրը տանն էինք, պաշտպանվում էինք։ Մտածում են, որ թռիչքների ընթացքում կարող է ավելի շատ կորոնավիրուսի դեպքերը լինեին, քան տանը»,– ասել է նա։