Այսօր բոլոր այն երևույթները, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, մեզ մոտ՝ Կապանում նկատվում էր դեռևս փետրվարի սկզբներին, այսինքն՝ բնակիչների մոտ կար բոլոր այն ախտանշանները, որոնք ունենում եմ կորոնավիրուսի դեպքում: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասացին Կապան քաղաքի մի քանի բնակիչներ:

Նրանք մտավախություն ունեն, որ կորոնավիրուսը Կապանում ավելի շուտ է տարածվել, քան Հայաստանում պաշտոնապես գրանցված առաջին դեպքը:

«Դա այն ժամանակ համարում էինք գրիպ, գրիպոզ վիճակ, միջավայրում այսօրվա սիպտոմներով շատ կային մարդիկ: Բժշկի դիմել ենք, դե իրենք էլ դեղեր են նշանակել, ով թոքաբորբ է եղել, անտիբիոտիկ են նշանակել, մտածել ենք, որ սովորական սեզոնային գրիպ է, Նույնիսկ ես իմ աչքով ականատես եմ եղել, որ փողոցներում անհասկանալի պատճառներով մեծ թվով թռչուններ կային սատկած»,- ասաց բնակիչներից մեկը:

Նրանք կարծիք հայտնեցին, որ Կապանում այսօր վարակվածության փոքր թիվը կարող է պայմանավորված լինել նախկինում վարակվածության հանգամանքով. «Կապանում այս պահին կա 16 դեպք՝ դրանք էլ կապված են Իտալիայից ու Ռուսաստանից եկած դեպքերի հետ, իսկ մենք Իրանին սահմանակից ենք ու Իրանում կորոնավիրուսը ավելի վաղ էր տարածվել, բնականաբար մինչև մեր մոտ խիստ միջոցների կիրառումը, կարող էր այն տարածված լինել: Մենք մտածում ենք, որ Իրանից կորոնավիրուսը շուտ է մեզ մոտ եկել, մենք փետրվարի սկզբին ենք վարակվել ու բուժվել»: