Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-211 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալթիայի բաժին, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհը, որտեղ հայտնաբերվել է դին, ավելի շատ օգտագործվել է թափառաշրջիկների կողմից՝ որպես հավաքատեղի: